ՀՀ-ում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար. Ալեն Սիմոնյան

Աննա Կոստանյան 24.09.2025 - 14:19
24.09.2025 - 14:19 դիտում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ:

Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը:

Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:

Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ