Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և քննարկել հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է, այն ներկայացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան ոչ մի հիմք և արդարացում չունի։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել ու մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Իրանի հետ ունենալով վաղեմի, բարի, հուսալի հարաբերություններ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու հարցում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է Իսրայելի ու Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով։
Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարել է անօրինական և հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունն ինքնապաշտպանվելու օրինական իրավունք ունի։
Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ գործողությունները դատապարտելու համար։