Մենք ունենք բոլոր կարողությունները՝ կառավարելու հիբրիդային ռիսկերը. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 13:15
18.06.2025 - 13:15 դիտում

Ես փոխադարձ վստահության վրա հիմնված սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի, ՌԴ Կառավարության ղեկավարի հետ, և չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կարող են այդպիսի գործողություններ կամ Կառավարությունից (Սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես) կարող են Հայաստանի դեմ նման գործողություններ լինել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերա՞զմ է սկսել:

«Չեմ բացառում, և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, և վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան այդպիսի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած:

Բայց ես նաև համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները, բոլոր հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը և ոչ միայն հիբրիդային ռիսկերը»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Վլադիմիր Սոլովյովին՝ հայտարարելով, որ դա ուղղակի միջամտություն է ՀՀ ներքին գործերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ