Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
Տեղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ համայնքի անչափահաս բնակիչները՝ Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ովքեր մոլորվել էին, գտնվում են Տեղ համայնքում։
«Տղաների առողջական վիճակը լավ է»,- հայտնում են համայնքապետարանից։
ԱԱԾ-ն հաստատել է տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։
«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- հայտնում են ԱԱԾ-ից:
Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են, տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Հիմա մոտս են»,- ասել է համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով»,- նշել են ՔԿ-ից: