Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։