ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի

Աստղիկ Խաչատրյան 16.05.2025 - 10:22
16.05.2025 - 10:22 դիտում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները, ինչպես սպասվում է, կսկսվեն մայիսի 16-ին՝ Ստամբուլում:

ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների նպատակը երկարատև խաղաղության հաստատումն ու ճգնաժամի արմատական պատճառների լուծումն է։

Մոսկվան, նրա խոսքով, ներկայիս բանակցությունները դիտարկում է որպես 2022 թվականին ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն։ Ռուսական պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար և հանձնառու է կառուցողական մոտեցմանը, հնարավոր լուծումների և շփման կետերի որոնմանը:

«Ուրբաթ օրը ռուսական պատվիրակությունը ժամը 10:00-ից կսպասի ուկրաինական կողմին նախատեսված հանդիպման վայրում: Ռուսական պատվիրակությունը ժամանել է ուղիղ երկկողմ բանակցությունների՝ առանց նախապայմանների»,- ասել է նա։

Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առանց նախապայմանների մայիսի 15-ին վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները Ստամբուլում, որոնք ընդհատվել են 2022 թվականին։ Զելենսկին պատրաստակամություն էր հայտնել անձամբ մասնակցել դրանց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգա Ստամբուլ։

Մայիսի 15-ին ՌԴ ու Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել էին Ստամբուլ: Հանդիպում տեղի չի ունեցել:

Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հատուկ ռազմական գործողության բոլոր հրամանատարների հետ հանդիպումից հետո սահմանել է խնդիրները և սահմանել բանակցային դիրքորոշումը։

Մեդինսկու խոսքով՝ ռուսական պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար և հանձնառու է կառուցողական մոտեցմանը, հնարավոր լուծումների և շփման կետերի որոնմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ