ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից իր ելույթում անդրադարձավ «հայր և որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցների» կողմից իր 70-անց մորը թիրախավորելուն:
Պատգամավորի խոսքով՝ նրանք շրջափակել են տարեց կնոջը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել՝ սկանդալ ստանալու նպատակով:
«Քոչարյանի բոլոր լրատվականներն անխտիր, վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին: Փորձում եք ուժեղ տղամարդու կերպար ստանալ, բայց շատ հաճախ մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելու համար նախ և առաջ տղամարդ լինել է անհրաժեշտ, իսկ տղամարդ լինելու համար պետք է սեփական խոսքը պահել, պետք է սեփական խոսքը պահել իմանալ, սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց պատգամավորը՝ հիշեցնելով մեկուկես-երկու ամիս առաջ տեղի ունեցած մի դրվագի մասին:
Նրա խոսքով՝ իր գործընկերներից մեկն ԱԺ ամբիոնից խոսել էր այն մասին, որ Լևոն Քոչարյանի (պատգամավոր Լևոն Քոչարյան – խմբ.) երեխաները ծնվել են ԱՄՆ-ում, ինչն ասվել էր առանց երեխաների անունները տալու ու նրանց թիրախավորելու:
«Երեխաներին Ամերիկայում ունենալը, կներեք, բայց քաղաքական որոշում է»,- նկատեց պատգամավորը՝ հայտնելով, որ այդ ելույթից հետո Լևոն Քոչարյանը մոտենում է ՔՊ խմբակցությանը ու խնդրում, որ ընտանիքները փոխադարձաբար չթիրախավորվեն, իսկ այդ արտահայտությանը իրենք նայում են ոչ թե Ռոբերտ Քոչարյանի որդու, ոչ թե որպես «Հայաստան» խմբակցության անդամի խնդրանքի, այլ պարզապես որպես երիտասարդ հոր խնդրանքի:
Դիմելով Ռոբերտ և Լևոն Քոչարյաններին՝ պատգամավորն ասաց հետևյալը. «Մենք՝ հայերս, բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք: Քրիստոնեական արժեքների պղծումը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մեզ համար անընդունելի է:
Պարոնա՛յք Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, մենք՝ հայերս, ծնողապաշտ ենք, մայրը մեզ համար սրբություն է: Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում: Առողջություն եմ մաղթում տիկին Բելլային:
Խնդրո՛ւմ եմ, քանզի ներդրվել եք հայ հասարակության մեջ, բարի եղեք ապրել մեր արժեքներով կամ գոնե չհարվածել այդ արժեքներին: Ամբողջ տարի այս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, ոչ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգլուլավազ ուղարկեք»,- ասաց պատգամավորը՝ հայտնելով, որ տան դռան մոտ մուկ են թողել ու հեռացել:
Նրա խոսքով՝ այն լկտի արշավը, որ սկիզբ է առել հայր ու որդի Քոչարյաններին սպասարկող տարատեսակ լնգուլավազի կողմից, այդ արշավը շարունակվում է ամենալկտի թիրախավորմամբ՝ թիրախավորվում է այն հանգամանքը, որ ինքը մեկն է այն հազարավոր կամ տասնյակ հազարավոր մարդկանցից, որոնց ծնողներից մեկը ժամանակին թողել է ընտանիքը, գնացել հյուսիսային երկրներ, իսկ հետո արդեն այնտեղ կազմել է երկրորդ ընտանիք:
«Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ կամ փորձ է արվում թիրախավորել իմ մորը: Ուզում եմ ասել, որ ես որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին: Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու գիտեմ, որ կյանքում միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, որոնք փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին դրա համար:
Դիմում եմ նաև այդ երեխաներին՝ միշտ իմացեք, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան ինչ-որ երկոտանի կենդանի, որը մշտապես ու ցանկացած պարագայում փախած է մնալու ձեզանից: Դուք ուժեղ եք ու դուք ձեր կյանքում կկարողանաք հասնել ամեն ինչի: Խոնարհվում եմ բոլոր միայնակ մայրերի առաջ»,- խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը: