Վերջերս հրապարակվեց «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որում մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34-րդ տեղում է, 2017 թվականին եղել է 79-րդը: Բա դա լրագրողական համայնքի մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական փաստ չէ՞, դրա մասին չե՞ք ուզում խոսել: Այդ մասին Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության ժամանակ լրագրողների մասնակցությամբ միջադեպեր են եղել:
Այս համատեքստում Հայկ Կոնջորյանն ամբիոնից միացրեց տարիներ առաջ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի ձայնագրություն, որի ժամանակ պատգամավորը և՛ սպառնում է, և՛ վիրավորում լրագրողին:
«Մենք, այո՛, ՀՀ-ում պաշտպանում և պաշտպանելու ենք ժողովրդավարությունը, պաշտպանում և պաշտպանելու ենք խոսքի ազատությունը, լրագրողներն ունենալու են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու մաքսիմալ ազատություն, և դրա վկայությունը ոչ թե ձեր, այլ միջազգային համապատասխան կառույցների զեկույցներն են»,- ասաց Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին:
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ժամանակ պատգամավորը մեջ էր բերել Բագրատ Գալստանյանի խոսքը և ասել. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրե՛ք Ձեր շրթունքները»: