Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի պատրաստման շրջանակում, տեղեկատվության հավաքագրման և քննարկման, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի հետ սիներգետիկ կապերի բացահայտման նպատակով «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն է քննարկել և բացահայտել Օրհուսի կոնվենցիայի և մյուս բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգետիկ կապերը, ինչպես նաև ապահովել, որ ՀՀ-ի կողմից վավերացված բոլոր կոնվենցիաների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցում։
Աշխատաժողովին մասնակցում էին կոնվենցիաների ազգային համակարգողներ, շրջակա միջավայրի նախարարության, նախարարության ենթակա կառույցների, շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ներկայացրել է, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաները, որոնք միմյանց միջև սերտ կապ ունեն՝ տեղեկատվության մատչելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության համընդհանուր սկզբունքների ներքո։
Այս փոխկապակցվածությունը նպաստում է տվյալների թափանցիկությանը, հանրության ներգրավվածությանը և արդյունավետ որոշումների կայացմանը՝ դրանով իսկ ուժեղացնելով դրանց համատեղ ազդեցությունը։ Համագործակցությունն այս կոնվենցիաների միջև հնարավորություն է տալիս ավելի համակարգային և համապարփակ մոտեցում ցուցաբերել բնապահպանական խնդիրների լուծմանն ու կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, վերջին 3 տարում հանրության իրազեկման և ներգրավման ուղղությամբ կատարված աշխատանքները և ընթացիկ գործողությունները թեմաներով ելույթ են ունեցել «Օզոնային շերտի պահպանության մասին», ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին», «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր», «Անապատացման դեմ պայքարի մասին», «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիաների ազգային համակարգողները։
Նմանատիպ հանդիպումների նպատակն է ընդլայնել բնապահպանական Կոնվենցիաների համակարգողների միջև համագործակցությունը, փոխադարձ գործունեությունների վերաբերյալ տեղեկացվածության շրջանակը, ինչպես նաև Կոնվենցիաների ընձեռած հնարավորություններն ու իրավական գործիքներն օգտագործել բնապահպանական խնդիրների կարգավորման և միջազգային համագործակցության խթանման համար: