Մարտի 1-ի գործում իրավական գնահատականի արժանացնելու և քննելու հանգամանքներ կան. Նիկոլ Փաշինյան

1.03.2025 - 15:04 դիտում

Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, ես «ամբողջությամբ» բառը չեմ օգտագործել: Բայց ես ուզում եմ ասել՝ կարծում եմ՝ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան կամ ավելի ճիշտ՝ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը:

Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ:

Հետևաբար, երբ որ ես ասում եմ՝ բացահայտված է, ըստ էության, ի՞նչ է տեղի ունեցել. տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ:

Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բայց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ Մարտի 1-ի իրադարձություններից 17 տարի անց քաղաքացիները միայն պաշտոնատար անձանց են դատարանում տեսնում, իսկ թե ո՞վ էր կրակողը և ի՞նչ եղավ ներքին օղակներում, մինչ օրս հայտնի չէ:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք «բացահայտում» ասելով վարչապետը վերին օղակներին նկատի ունի, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր է բացահայտել, ինչքա՞ն է հնարավոր բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն է հնարավոր բացահայտել:
Ինչքան հնարավոր է բացահայտել, էնքան պետք է բացահայտվի: Շատ կարևոր է հետևյալը արձանագրել՝ մենք ի վերջո պետք է որոշենք մեր պետական կառավարման համակարգում՝ արդյո՞ք այդ գործերի քննությունը ես պետք է վերցնեմ և վարեմ: Եթե մեր իրավակարգավորումները ուզում ենք փոխել այդ տրամաբանությամբ, փոխենք այդ տրամաբանությամբ: Բայց էլի եմ ասում՝ այդ խնդիրը շարունակում է մնալ, այդ թվում՝ իրաավապահ համակարգի նոր նշանակված ղեկավարների առաջ իմ կողմից դրված խնդիր»:
Հարցին՝ արդյո՞ք վարչապետը հավատում է, որ հնարավոր է հասնել բուն հրամանը տվողներին, Փաշինյանը պատասխանեց՝ եթե չհավատա, նման խնդիր չի դնի:
«Ինչի՞ եմ խնդիր դնում՝ ի սկզբանե իմանալով, որ դա անհնար է լուծել: Ինչի՞ եմ մարդկանց վատ վիճակի մեջ դնում: Հավատում եմ»,- խոսքը եզրափակեց վարչապետը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ