Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չունենք: Այլ բան՝ գիտեք, որ երբեմն ադրբեջանական կողմը այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել: Այդ մասին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել: Մնացյալը կմնա հետագա բանակցություններին կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված կանոնակարգում կա այլ սկզբունք, քան Ալմա Աթայի հռչակագիրն է, Արարատ Միրզոյանն ասաց. «Այնտեղ ասվում է, որ հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է: Եթե այլ սկզբունք կամրագրվի խաղաղության հաստատման պայմանագրում, ապա մենք կփոխենք համապատասխանաբար: Այլ սկզբունք չի քննարկվում: Տեքստում այն, ինչ դուք նկատի ունեիք և հարցնում էիք, կա՝ համաձայնեցված հատվածում է: Ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չի իրականում: Մենք հասարակությունից գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք, այլ սկզբունք այս պահին չի քննարկվում»:
ԱԳ նախարարը նշեց, որ խաղաղության պայմանագրի նախագիծն ունի 16 հոդված, որից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի: