Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»,- ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:
Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել էր ՍԴ՝ գործի քննության համար։
Հիշեցնենք՝ նախկին նախարարը անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։