Ֆրանսիան առաջիկա օրերին և շաբաթներին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Կիևին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Հանրապետության նախագահը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ իր գործընկերների հետ միասին երկարաժամկետ ու անհրաժեշտ օգնությունն Ուկրաինային տրամադրելու կապակցությամբ, որպեսզի հասնենք Ռուսաստանի պարտությանը։ Սպառազինության առաքումը կիրականացվի առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասված է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մակրոնը նաև ընդգծել է իր շահագրգռվածությունը Օլիմպիական զինադադարի հարցում, որպեսզի ձեռնարկվեն բոլոր օգտակար դիվանագիտական նախաձեռնությունները՝ բանակցություններ սկսելու համար միջազգային իրավունքի և Ուկրաինայի օրինական շահերի հարգման շրջանակներում։
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում կավելացնի Ուկրաինային տրամադրվող օժանդակությունը։