Հայաստանի երրորդ Հանրապետությունը 31 տարեկան է:
31 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը. երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Հանրապետության խորհրդարանը դրանով ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ: