Դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած էր երկու մասից: Գործակիցները և նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով: Կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը: Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դրանք հաստատել Կառավարության 1 որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են և ավելի տրամաբանական կգործեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Նոր նախագծով նախատեսում ենք, որ Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե, նույնպես՝ Կառավարության համապատասխան որոշումներով: Սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար»,- ասաց նա:
Նախարարը տեղակացրեց, որ նաև նախատեսվում է նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը:
«Պետք է հիշեցնեմ, որ մենք գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա, և չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում ենք անում: Այս պահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխաներ այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից»,- ասաց նա:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց՝ նախատեսվում է, որ կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: