83-ամյա կինը հայտնել է, որ իրենց տուն էր եկել զինվորական հագուստով անծանոթ. բնակարանային գողության դեպքը բացահայտվել է

Աննա Կոստանյան 10.10.2023 - 14:18
10.10.2023 - 14:18 դիտում

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղի մի բնակչի տնից անհայտ անձը գողություն է արել: Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Թալինի բաժին:
Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնեցին նշված հասցե: 56-ամյա տանտերը նրանց հայտնեց, որ այդ օրը կեսօրին եկել է տուն ու նկատել, որ հյուրասենյակի սեղանի վրա դրված գումարից 115 000 դրամ պակասել է: Երբ այդ մասին հարցրել է 83-ամյա մորը, նա հայտնել է, որ իրենց տուն էր եկել զինվորական հագուստով անծանոթ երիտասարդ և ասել, որ տանտերը տեղյակ է իր այցի մասին: Սակայն վստահ չի, որ գումարը նա է վերցրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Արագածավան գյուղի Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Թալինի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանել է, որ գողությունն ինքն է արել ու իրավապահներին է վերադարձրել գողոնի մի մասը:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ