50 000 դրամի աջակցության ծրագրի շահառու չեն դառնա բանկային հաշվին 2 մլն դրամից ավելի գումար ունեցողները

Աննա Կոստանյան 9.11.2023 - 12:06
9.11.2023 - 12:06 դիտում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբերի համար) սոցիալական աջակցության միջոցառում, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող մարդիկ՝ որոշ բացառություններով: Հատկապես միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները:

Ծրագրի համար դիմողն իր դիմումը լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ-ն կպարզի մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները:

Աջակցություն ստանալու համար պետք է ներկայացնել էլեկտրոնային դիմում, որի ընդունման գործընթացը մեկնարկում է հաջորդ շաբաթվանից: Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին: 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նախագծին, հիշեցրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարությունը տեղավորել էր նաև հյուրանոցներում. «Հիմա տրամաբանություն այն է, որ այս ծրագրերի արդյունքում նրանք նաև պետք է հյուրանոցներից դուրս գան, և այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը, որովհետև դրանք հասկանալիորեն այդ նպատակի համար չեն ստեղծվել»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

«Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, բնակվում է մեր կողմից վճարվող հյուրանոցում, մենք ասում ենք, որ այս դեպքում չի կարող դիմել այս ծրագրի համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը և հավելեց. «Բոլորը պետք է գիտենան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»:

Նշենք, որ 50 հազարական դրամի երկամսյա սոցիալական աջակցության ծրագիրը առաջնային սպառողական ծախսերի համար է։ Ծրագրի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ