300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

Աստղիկ Խաչատրյան 29.05.2025 - 20:25
29.05.2025 - 20:25 դիտում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ. աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ:

Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող բոլոր հաստատությունները շինարարության ավարտից հետո շահագործման են հանձնվում ամբողջությամբ նոր գույքով համալրվելուց հետո։

Ըստ այդմ` հաստատված որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի ազատ մնացորդի հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող 9.6 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով․

  • մանկապարտեզների հիմնանորոգում՝ 0.8 մլրդ դրամ.
  • դպրոցների կառուցում՝ 0.5 մլրդ դրամ.
  • դպրոցների նորոգում՝ 5.9 մլրդ դրամ.
  • դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝ 2.4 մլրդ դրամ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ