2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը

2.10.2026 - 15:58 դիտում

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահով ընտանիքներին ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի, անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը: Նոր կարգավորումներով նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին: Օրենսդրական փոփոխությունների առանցքային փոփոխությունը սա է:

Նախատեսում ենք, որ նպաստը կվճարվի, եթե անձը մահացել է և հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում: Սա հնարավորություն կտա առցանց դիմումներով իրացնել թաղման նպաստի իրավունքը:

Իհարկե, այսօր էլ կա առցանց դիմումի միջոցով թաղման նպաստի ստացման իրավունքի իրացում, բայց առանձին դեպքերում անհրաժեշտ է լինում թղթային դիմում ներկայացնել: Կփորձենք բացառել թղթային դիմումը»,-ասաց նա՝ նշելով, որ թաղման նպաստի իմաստը հենց օպերատիվությունն է:

Թաղման նպաստի չափի փոփոխություն չի նախատեսվում։ Քաղաքացին կարող է նպաստի համար դիմել մահվան դեպքից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Միաժամանակ նախատեսվում է կրճատել դիմում ներկայացնելուց հետո թաղման նպաստը ստանալու ժամկետը։

Նախատեսվում է, որ օրենքի դրույթները կկիրառվեն 2027 թվականի հունվարի 1-ից հետո մահացած անձանց նկատմամբ։ Արդյունքում ակնկալվում է 4,3–4,4 մլրդ դրամի խնայողություն, իսկ կենսաթոշակների չափերի բարձրացմանն ուղղվելու է 5,6 մլրդ դրամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ