2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան

Աննա Կոստանյան 15.11.2023 - 17:13
15.11.2023 - 17:13 դիտում

Մեր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով, մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր և միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են և պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ և իրականացվելիք ծրագրերին, որոնք առնչվում են բյուջետային գործընթացներին և թիրախներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2023-ին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ շուրջ 171,1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակներում 2024-ին իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին, հարկային վարչարարության բարելավմանը և զբաղվածության խթանմանը:

2023 թ. ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, մեկնարկել են 2024-2028 թթ. Գործընկերության շրջանակի մշակման աշխատանքները: 2023-ին ՀԲ-ի հետ ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,3 միլիոն եվրո արժողությամբ՝ միտված, այդ թվում՝ հանրային ներդրումների կառավարման բարեփոխումներին, պետության և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը:

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023-ի հոկտեմբերին ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, խթանել մարդկային կապիտալի զարգացումը:

2023 թ. մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց՝ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ 66,1 միլիոն եվրո արժողությամբ:

ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը:

«Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետը:

Կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները՝ Գրիգորյանը հայտնեց՝ 2023-ին Եվրամիության հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նպատակով 2023-ին մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների, դրանց զարգացման գործակալությունների և այլ գործընկերների կազմակերպությունների կողմից իրականացվող 51 միլիոն եվրո արժողությամբ ծրագրային փաթեթ»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ ընթացել և շարունակվում են աշխատանքները ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ուղղությամբ:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներքո աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ:

«Կարևոր եմ համարում ընդգծել՝ 2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակի ամրապնդվել մեր երկրի կայուն և հուսալի գործընկերոջ հեղինակությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ