2022 թվականի բյուջեի եկամուտների մոտ 95 տոկոսը կձևավորվի հարկային վճարումներից. ՀՀ ֆինանսների նախարար

8.12.2021 - 11:40 դիտում

2022 թվականի բյուջեի եկամուտների զգալի մասը՝ մոտ 95 տոկոսը, կձևավորվի հարկային վճարումներից: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով «Պետական բյուջեի մասին» նախագծի լրամշակված տարբերակը:

«Հարկային եկամուտների ավելացումը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության հիմնարար հարցերից է: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ հնգամյա ժամանակահատվածում հարկային եկամուտների ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 25 տոկոսի: Հաջորդ 5 տարիների ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կբարելավվի 2.5 տոկոսային կետով: Աճի ցուցանիշը նախատեսում ենք 2022-ին բարելավել ավելի մեծ չափով, քան միջին տարեկան ծրագրային աճի ցուցանիշն է»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետական բյուջեի նախագծով նախատեսվում են 1 տրիլիոն 844 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, ինչը 263 միլիարդ դրամով կամ 16.5 տոկոսով ավելին է, քան 2021-ին սպասվող հարկային եկամուտները:

«Հարկային եկամուտները 2022-ին կհասնեն ՀՆԱ-ի 23.4 տոկոսի, ինչը 2021-ի նկատմամբ ավելի է 0.9 տոկոսային կետով»,- ասաց Խաչատրյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ