Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը: