2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Աստղիկ Խաչատրյան 21.05.2025 - 20:17
21.05.2025 - 20:17 դիտում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։

Այս մասին նախարարը հայտնել է «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի կորելու ցավալի դեպքին:
Նախարարը  վստահեցրել է՝ երբ ստացել են ահազանգը, անմիջապես թե՛ փրկարարական, թե՛ ոստիկանական աշխատանքները սկսվել են․ «Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը՝ հաշվի առնելով փոքրիկի տարիքը: Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ: Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել»,-ասաց Սարգսյանը:

Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից հարցը դիտարկվել է որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում: Սարգսյանը վստահեցրել է՝ մանրամասն դիտարկել են բոլոր վարկածները՝ թե՛ փոքրիկի՝ գետն ընկնելու վարկածը, թե՛ նաև հնարավոր այլ վարկածներ հանցանքի տրամաբանության մեջ՝ առևանգում և այլն: Բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել:

«Այս պահի դրությամբ շարունակում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը: Բնականաբար, սա չի նշանակում այլ վարկածներով չզբաղվել: Անգամ ամենափոքր, աննշան տեղեկատվությունը, որը մեզ կարող է թույլ տալ մտածել, որ, միգուցե, այլ վարկած ևս կա, որը կենսական է, ուսումնասիրում ենք: Եվ, ըստ այդմ, բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են և դառնում են նոր քննության առարկա»,- ասել է նախարարը:

Տարածքը նաև ուսումնասիրել են անօդաչու թռչող սարքերով: Այս պահի դրությամբ որևէ դրական ելք չկա: Սարգսյանը նշել է, որ ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում՝ այնպիսի լուծաչափի, որը թույլ կտա որևէ շոշափելի տեղեկատվություն ունենալ: Այս առումով ևս դրական արդյունքներ դեռևս չկան: Աշխատանքները շարունակվում են․ «Որպես կանոն՝ որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, սակայն այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնել այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ