1998 թվականից ԼՂ հիմնախնդիրը դուրս դրվեց հանրային, քաղաքական քննարկումների դաշտից. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 11:30
24.08.2021 - 11:30 դիտում

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո հանրային, քաղաքական կյանքում էականորեն ակտիվացել և ակտուալ է դարձել սահմանադրական փոփոխությունների, կառավարման համակարգի փոփոխության դիսկուրսը. կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերն են եզրակացրել, որ պատերազմը և նրա արդյունքներն ի ցույց դրեցին կառավարման խորհրդարանական համակարգի անպատեհությունն անվտանգային նմանօրինակ միջավայրում գտնվող երկրի համար և ըստ այդ եզրակացության՝ պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի: Նման պնդումները մերկապարանոց համարել չի կարելի, բայց վերը նկարագրվածի ֆոնին հարց է ծագում. իսկ արդյո՞ք հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների միջոցով հաղթահարելու մեխանիզմը նույն կերպ կաշխատեր կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգերի պարագայում:

Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ երրորդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ: 1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը ու, ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից: Պրոբլեմը ոչ թե այս երևույթն է ինքնին, այլ որ դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման, և ԼՂ հիմնախնդիրը դուրս դրվեց հանրային, քաղաքական քննարկումների դաշտից, թեորեմի ժանրից տեղափոխվեց աքսիոմի ժանր, ինչն էական խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրները գործնական էին և հիմա էլ գործնական են:

«ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը հստակ ձևակերպել է իր անելիքը: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, հարակից շրջանները՝ առավել ևս: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա ԼՂ ինքնավար մարզ, առավել ևս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք մշտապես ձևակերպել են ԼՂ-ն և հարակից շրջաններն իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը և պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների միջոցով, պատրաստվում են անել ռազմական ճանապարհով և բանակցություններին զուգահեռ միլիարդավոր դոլարներ են ծախսել սպառազինությունների ձեռքբերման և այլ ռազմական ծախսերի վրա»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում:

«Այո՛, ձևակերպվել է ԼՂ անկախության միջազգային ճանաչման խնդիրը, բայց արդեն սա շատերը համարել են դավաճանություն՝ հղում անելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ազգային խորհրդի համատեղ որոշմանը Հայկական ԽՍՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին, որի վրա հղում է արվել 1998 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում: Ըստ այդ տեսակետի՝ Լեռնային Ղարաբաղը պետք էր ճանաչել Հայաստանի մաս»,- հավելեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ տեսակետը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր:

«Դրա համաձայն՝ ԼՂ հարակից տարածքների զիջման դիմաց պետք է հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման, բայց այս տեսակետը դավաճանությունը համարողներ նույնպես կային՝ պնդելով, որ տարածքների զիջման բանաձևն անընդունելի է հայ ժողովրդի համար: Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց ԼՂ-ն Հայաստանին միավորելն է: Այս բանաձևի շուրջ նույնպես, մեղմ, ասած, բացասական կարծիք կար հանրային, քաղաքական շրջանակներում, և շատերն այն դավաճանություն ու դավադրություն էին համարում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի, սակայն, սրանով խնդիրները չեն ավարտվել ու գործնական առումով կար շատ լուրջ բարդություն: «Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ ներքին քննարկումների, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցության ընթացքում և թե՛ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում, այդ ասելիքի նկատմամբ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին: Ու ամենակարևորը՝ մենք չունեինք, չէինք ձևակերպել կարևոր հարցի պատասխանը՝ իսկ ինչ էինք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել: Ըն դորում՝ ես չեմ խոսում տարբեր իշխանությունների, կառավարությունների, ղեկավարների արածների կա չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք ԼՂ հիմնախնդրի համատեքստում»,-ասաց Փաշինյանը:

Վերադառնալով կառավարության քննարկվող ծրագրում արծարծված նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների երկընտրանքի թեմային, Փաշինյանն ընդգծեց՝ ամենևին փաստ չէ, որ 2020 թվականին ԼՂ հիմնահարցի շուրջ առաջացած ճգնաժամի մեջ կառավարման խորհրդարանական համակարգն ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը:

«Մենք իրականում 7 անգամ պիտի չափենք, մեկ անգամ կտրենք կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետև կարող ա պարզվել, որ հենց կառավարման կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու»,-ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ