10,000 դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 28.05.2025 - 16:52
28.05.2025 - 16:52 դիտում

10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ Գ. Խ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ Զ․ Ս․–ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորը, պարտավոր լինելով գործի քննությունը և լուծումն իրականացնել ողջամիտ ժամկետում ու ապահովել գործի արդարացի քննությունը, օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու փոխարեն, Զ. Ս.-ի օգտին վերը նշված ապօրինի գործողությունների և անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով նրանից պահանջել է 3.892.500 ՀՀ դրամին համարժեք՝ 10․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Զ. Ս.-ն, համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին Գ. Խ.-ին է տվել պահանջված կաշառքի գումարը՝ այն դատավորին փոխանցելու նպատակով:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրան օժանդակած Գ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ