Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ. Ալիևը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Աննա Կոստանյան 22.04.2024 - 18:21
22.04.2024 - 18:21 դիտում

Այսօր Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պուտինը նախ հիշեցրել է և բարձր գնահատել Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևը դերը Բայկալ-ամուրյան մայրուղու կառուցման գործում:

«Հանդիպման ժամանակ մենք կխոսենք երկկողմ հարաբերությունների մասին, որոնք շատ բարձր մակարդակի վրա են, զարգանում են, աճում է ապրանքաշրջանառությունը՝ հասնելով 4 միլիարդ դոլարի, ադրբեջանական տնտեսությունում ռուսական ներդրումները կազմում են 6 միլիարդ: Կանդրադառնանք մեր պետությունների համագործակցությանը տարբեր ուղղություններով և, իհարկե, տարածաշրջանի անվտանգության ապահովման խնդրին»,- ասել է ՌԴ նախագահը:

Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և իր գոհունակությունը հայտնել Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման ընթացքի հետ կապված:

«Աշխատում ենք երկու տարի առաջ կնքված դաշնակցային հռչակագրի շրջանակում: Ինչպես նկատեցիք, օրակարգը շատ ընդարձակ է, այն ընդգրկում է նաև տրանսպորտի բաղադրիչը: Իրականացնում ենք Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որը միավորում է մեր երկրներն ու գործընկերներին: Այն մեծ նշանակություն ունի բեռնափոխադրումների անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև խթանելու է շատ երկրների առևտրային հարաբերությունները: Օրակարգում լինելու է նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: Մենք գոհ ենք նրանից, թե ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը հակված է ամրապնդել փոխվստահությունը, համագործակցությանը և լուծել բոլոր հարցերը՝ փոխըմբռնման, փոխգործակցության միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ