Լավրովը և Ռուբիոն քննարկել են հետագա քայլերը

16.03.2025 - 11:56 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հետախոսազրույց են ունեցել, կողմերը քննարկել են հետագա քայլերը Էր-Ռիադում բանակցությունների ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր-Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման իրականացման կոնկրետ ասպեկտները: Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ Ռուբիոն իր ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Եմենում «Անսար Ալլահ» շարժման դեմ գործողության մեկնարկի մասին:

Լավրովը, իր հերթին, կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել ուժի կիրառումից ու երկխոսել հութիների հետ՝ սկսված արնահեղությանը վերջ տալու համար:

Հաղորդվում է, որ Լավրովի և Ռուբիոյի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերին կարգադրել է ռազմական գործողություններ սկսել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ