Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրսանսպորտային հանցագործությունների քննութան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
