Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով

Աստղիկ Խաչատրյան 22.09.2026 - 20:00
22.09.2026 - 20:00 դիտում

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ից համաձայնություն ստանալուց հետո դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:

Բացի դրանից՝ մայիսի 22-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:

Հիշեցնենք նաև՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել էր քրեական վարույթ:

Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել էր լրտեսություն:

Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան էր փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին կալանավորվել էր։

Հուլիսի 22-ին Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը. Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել էր 2 ամսով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ