ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: ՀՀ նախագահն ընդգծել է, որ պետք է ներդնել ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման:
«Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը: Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ…
Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:
Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։
Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի…
Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. առաջ…»,-ասված է ուղերձում: