Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր. ՄԱԿ-ի ԱԽ նախագահ

Աստղիկ Խաչատրյան 15.09.2022 - 21:37
15.09.2022 - 21:37 դիտում

Ֆրանսիան չափազանց մտահոգված է ռազմական գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի շարք բնակավայրեր գնդակոծվել են, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:

«Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Նախագահ Մակրոնը խոսել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, արտգործնախարարը ևս զրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:

Երեք հիմնական ուղերձ է հղվել: Առաջին՝ 2020 թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Դա անշեղ առաջնահերթություն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների ճանապարհով: Երկրորդ՝ հաշվի առնելով ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սահմանի որոշակի սեգմենտից դուրս՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Երրորդ՝ կողմերը պետք է ակտիվացնեն քննարկումները՝ լուծելու մնացած հարցերը: Կողմերին կոչ ենք անում առաջ շարժվել հատկապես սահմանազատման և սահմանագծման հարցերում, ինչպես նաև նոր միջադեպեր թույլ չտալու ուղղությամբ, մասնավորապես՝ ուժերի հետքաշման միջոցով»,- նշել է դիվանագետը:

Նա ողջունել է սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից հայ 5 գերիների վերադարձը, կոչ արել չխանգարել հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն:

«Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն՝ համագործակցելուվ գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես ԵՄ անդամ: Ֆրանսիան կգործադրի հնարավոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Ֆրանսիան ողջունում է Եվրոպական խորհրդի նախագահության ջանքերը, որն արդեն 4 անգամ քննարկումներ է կազմակերպել՝ սկսած 2021 թ. դեկտեմբերից, երկխոսությանը նպաստելու, առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: ԵՄ-ն ևս միակարծիք է հրադադարի պահպանման հարցում»,- ասել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:

Նա կաևորել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակի զբաղվել այս հարցով, և նրա ջանքերը միասնական լինեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ