Ֆրանսիան կարևորում է ռազմագործողությունների արագ դադարեցումը. Փաշինյանի և Մակրոնի հեռախոսազրույցը

Հրաչ Սահակյան 2.10.2020 - 22:13
2.10.2020 - 22:13 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:

Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ