Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. 994 կալանավոր, բռնություններ Լիոնում և Մարսելում

1.07.2023 - 12:31 դիտում

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ընթանում են արդեն չորս օրը։ Իրավապահները հայտարարել են, որ շաբաթ գիշերը 17-ամյա Նաել Մերզուկի սպանության հետևանքով առաջացած անկարգությունները «նվազ զանգվածային» են եղել՝ անվտանգության ուժերի և հատուկ տեխնիկայի զանգվածային տեղակայման շնորհիվ, հայտնում է Euronews-ը։

Մի շարք խոշոր քաղաքներում գրանցվել են ինքնաբուխ հանրահավաքներ։ Լիոնում, որտեղ ցուցարարները կապվել են Telegram-ի միջոցով, կոմիսարիատն ավերվել է։ Մարսելում անկարգությունների մասնակիցներին հաջողվել է ներխուժել զինամթերքի խանութ և հանել զենքերը։

Որոշ շրջաններում միջադեպեր չեն գրանցվել. Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ տեղամասեր է բերվել 994 իրավախախտ։ Ճգնաժամի սկզբից ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1500-ը, որոնցից շատերը 13-14 տարեկան են։ Ջարդերի արդյունքում թիրախ է դարձել 492 շենք, այրվել 2000 մեքենա, թալանվել են տասնյակ խանութներ, հատկապես Փարիզի կենտրոնում։

Շաբաթ գիշերը 45 հազար ոստիկան ու ժանդարմ դուրս կգա ֆրանսիական քաղաքների փողոցներ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։ Մի շարք քաղաքներում պարետային ժամ կհաստատվի:

Չորրորդ գիշերը անկարգությունները կանխելու համար ոստիկաններին կտրամադրվեն թեթև զրահամեքենաներ, կրկին կթույլատրվի էլիտար ստորաբաժանումների միջամտությունը:

Հաշվի առնելով, որ անկարգությունների մեջ ներգրավվածների մեծ մասը 14-ից 18 տարեկան պատանիներ են, Ֆրանսիայի նախագահը, որը ժամանակից շուտ է վերադարձել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից, հորդորել է ծնողներին հեղինակություն դրսևորել:

Շաբաթ օրը Փարիզից արևմուտք գտնվող Նանտերում տեղի կունենա դեռահասի հուղարկավորությունը, որը սպանվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» համար։ Պատանուն սպանած ոստիկանը հետաքննվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ