Օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվել էին կեղծ տեղեկանքներ. կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել

Աննա Կոստանյան 18.12.2023 - 17:42
18.12.2023 - 17:42 դիտում

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ անձնագրային և վիզաների վարչության համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողները օտարերկրյա շուրջ 223 քաղաքացու հատկացրել են հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանք, այն դեպքում, երբ նրանց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվելու ժամկետը լրացած է եղել:

«Միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ-ում անօրինական հիմքերով գտնվող ութ օտարերկրացի համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողներին որպես կաշառք փոխանցելու համար 35-50 հազար դրամ են տվել մի քաղաքացու, որը անձնագրային բաժանմունքից ստացել և նշված քաղաքացիներին է փոխանցել հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև անձնագրային բաժանմունք է ներկայացրել դրանք ստանալու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ դիմումներ:

Պարզվել է նաև, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն 2022-2023 թթ. ընթացքում, շահույթ ստանալու նպատակով, օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերքներ, այնուհետև կազմակերպել է նշված անձանց անօրինական միգրացիան:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ