Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ՝ հերթական անգամ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ-իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին։ Մենք այդ հարցը ներկայացնում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը», – նշել է Օվերչուկը:
Նա հայտարարել է, որ նամակով կդիմի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ նշելով, որ այդ գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին:
«Մենք կքննարկենք համապատասխան միջոցների կիրառման հարցը», – ընդգծել է Օվերչուկը: