Օգտագործում ենք «երթուղի» եզրույթը. Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Աննա Կոստանյան 2.11.2022 - 18:07
2.11.2022 - 18:07 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքներին, նշել, որ շփումները շարունակվելու են:

Նա կրկնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքն այն մասին, որ «որ սխալ է զգայուն որոշ հարցեր հանրային քննարկման դնելը, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին»:

«Սոչիում հանդիպել են նաև երեք երկրի ԱԳ նախարարները: Սակայն դա պատվիրակությունների մակարդակով բանակցություն չէր, դա երեք նախարարի զրույց էր կամ դեմ առ դեմ շփում։ Իհարկե, այդ զրույցն անցկացվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների համատեքստում»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է թուրքական լրատվամիջոցներից մեկի հարցին՝ ինչպես է Մոսկվան գնահատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումները՝ շեշտելով.

«Մենք օգտագործում ենք «երթուղի» եզրույթը: Սոչիում քննարկվել է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան գործընթացները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ երեք պետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, այնպես, ինչպես սահմանված է երեք երկրի ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ