Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց չափազանցության անվանել շրջադարձային. ԱԳ նախարար

27.10.2025 - 15:02 դիտում

Օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցության անվանել շրջադարձային՝ բնավ կասկածի տակ չդնելով և չթերագնահատելով մինչ այս կատարված աշխատանքը, բանակցությունները: Ի վերջո, այդ ամբողջը հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր, նաև հետագա աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունաքարային էր»,- ասաց նախարարը:

Նախարարը հիշեց՝ մանիպուլյացիաներ էին տարածվում պայմանագրի վերաբերյալ՝ երկու երկրների Սահմանադրության փոփոխություն,  հարյուր հազարավոր քաղաքացիների շարժ, բայց այսօր այդ մանիպուլյացիաներից «հեռավոր ակնարկ անգամ չկա»:

Անդրադառնալով ենթակառուցվածքների՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում ձեռք բերված համաձայնություններին՝ Միրզոյանը նշեց. «Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է: Հիշենք, որ Հայաստանը 30+ տարիներ շրջափակման տակ էր, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե հարկ լինի՝ կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ: Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեզ համար»:

Այս համատեքստում Միրզոյանը հայտարարեց, որ մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը: Ընդ որում՝ ենթակառուցվածքը, որով կապը պետք է իրականացվի, նույնպես շահագործվելու է, օգտագործվելու է ՀՀ-ի կողմից:

«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում և՝ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես (մեր մասը կոնկրետ, հատկապես այն, ինչ մեր տարածքում կգտնվի) գործելու է ամբողջապես ՀՀ-ի իրավազորության ներքո»,- ասաց ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ