Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Աննա Կոստանյան 24.01.2022 - 17:54
24.01.2022 - 17:54 դիտում

ՀՀ ազգային ժողովը Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց և երդվեց: Նա պաշտոնը կզբաղեցնի երդումից հետո, գործող պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հաջորդ օրը:

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին, նրա լիազորությունների ավարտման հաջորդ օրը Գրիգորյանը կսկսի պաշտոնավարել որպես Մարդու իրավունքների պաշտպան:

Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Քրիստինե Գրիգորյանն ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ