Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ կստեղծվեն տարածքային ստորաբաժանումներ

Աննա Կոստանյան 4.05.2023 - 15:01
4.05.2023 - 15:01 դիտում

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի ներդրումը: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ օրինագծերով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել Ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պարտաստվածության էական բարելավման և ծառայության գրավչության ապահովման համար: Ըստ հիմնավորման, ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում /նաև Երևան քաղաք/ ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը: Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Այսպիսով, մեկնարկած ռեֆորմների ամբողջական իրագործումից հետո, Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից բացի, մարզային մակարդակում ներկայացված կլինեն նաև պարեկային ծառայության, ոստիկանության գվարդիայի և համայքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, որոնք նույնպես ուղղահայաց ենթարկվելու են իրենց գլխադասային ստորաբաժանումներին: Նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար։ Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Նախագծերով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։ Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։ Բացի այդ, նախատեսվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ