ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով գրանցվել է պլանային պատվաստումների ամենամեծ հետընթացը վերջին երեք տասնամյակում

Աննա Կոստանյան 15.07.2022 - 18:25
15.07.2022 - 18:25 դիտում

Գրեթե 30 տարվա մեջ մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկումն է գրանցվել: Սրա մասին են փաստում ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հրապարակված պաշտոնական տվյալները:

Երեխաների տոկոսը, որոնք ստացել են դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք չափաբաժին (ԱԿԴՓ3), իսկ սա իմունականխարգելման ծածկույթի նշաձող է հանդիսանում, 2019-ից 2021 թվականներին ընկել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 81 տոկոսի: Արդյունքում՝ միայն 2021 թվականին 25 միլիոն երեխա բաց է թողել ԱԿԴՓ3-ի մեկ կամ մի քանի չափաբաժին, որ պիտի ստանար պլանային պատվաստումների շրջանակում:

Այս ցուցանիշը 2 միլիոնով ավելին է, քան 2020 թվականին գրանցված ցուցանիշը և 6 միլիոնով ավելին, քան 2019 թվականինը: Սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ հակամարտությունների և փխրուն միջավայրերում ապրող երեխաների թվի աճով, որտեղ պատվաստումների հասանելիությունն ապահովելը հաճախ խնդրահարույց է, ապատեղեկատվության ավելացմամբ, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված խնդիրներով, ինչպիսիք են ծառայությունների և մատակարարման շղթայի խափանումները, ռեսուրսների ուղղորդումն արձագանքմանն ուղղված ջանքերին և կանխարգելող միջոցառումների իրականացումը, որը իր հերթին սահմանափակել է պատվաստանյութերի առկայությունն ու հասանելիությունը:

«Սա արդեն տագնապի ազդանշան է երեխայի առողջության հետ կապված հարցերում: Մենք ականատես ենք լինում մանկական պլանային պատվաստումների ամենամեծ կայուն անկմանը մեկ սերնդի ընթացքում: Հետևանքները չափվելու են կյանքերով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Թեև անցյալ տարի ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների և արգելափակումների հետևանքով հետընթաց էր սպասվում, այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, շարունակական անկում է: ՔՈՎԻԴ-19-ը արդարացում չէ։ Մեզ անհրաժեշտ է պատվաստումների ծածկույթի վերականգնում միլիոնավոր չափաբաժիններով, հակառակ պարագայում, մենք անխուսափելիորեն ականատես ենք լինելու հիվանդությունների ավելի շատ բռնկումների, ավելի շատ հիվանդ երեխաներ են լինելու, և արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերն ավելի մեծ ճնշման են ենթարկվելու»:

25 միլիոն երեխաներից 18 միլիոնը տարվա ընթացքում չեն ստացել ԱԿԴՓ3-ի ոչ մի չափաբաժին. այդ երեխաների ճնշող մեծամասնությունն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հնդկաստանում, Նիգերիայում, Ինդոնեզիայում, Եթովպիայում և Ֆիլիպիններում:

Ակնկալվում էր, որ 2021 թվականը կլինի վերականգնման տարի, որի ընթացքում կվերականգնվեին պլանային պատվաստումները, և 2020 թվականին չպատվաստված երեխաները կստանային հասանելիք պատվաստումները: Փոխարենը, ԱԿԴՓ3-ի ծածկույթը վերադարձել է իր ամենացածր մակարդակին, որ գրանցվել էր 2008 թվականից ի վեր, ինչը, այլ պլանային պատվաստումների ծածկույթի նվազման հետ մեկտեղ, աշխարհը դուրս է մղել գլոբալ նպատակներին հասնելու ճանապարհից, այդ թվում՝ զրկել Կայուն զարգացման նպատակների՝ իմունականխարգելման ցուցանիշին հասնելու հնարավորությունից:

Իմունականխարգելման մակարդակի այս պատմական հետընթացը տեղի է ունենում սուր թերսնուցման արագ աճի ֆոնին: Թերսնված երեխայի մոտ արդեն իսկ թուլացել է իմունիտետը, և բաց թողնված պատվաստումները նշանակում են, որ մանկական տարածված հիվանդությունները կարող են արագորեն մահացու դառնալ երեխայի համար: Սովի ճգնաժամի սերտաճումը իմունականխարգելման աճող բացին, սպառնում է երեխաների կյանքի պահպանման ճգնաժամի սկիզբ դառնալ:

«ՔՈՎԻԴ-19-ի խնդիրների լուծումը պետք է զուգահեռ ընթանա այլ մահացու հիվանդությունների դեմ (ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը և փորլուծությունը) պատվաստումների խնդիրների լուծման հետ», – նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Դա «կա՛մ կա՛մ»-ի հարց չէ, հնարավոր է երկուսն էլ լուծել»:

Հսկայածավալ ջանքեր են պահանջվելու պատվաստումների համընդհանուր ծածկույթի հասնելու և հիվանդությունների բռնկումները կանխելու համար: Անբավարար ծածկույթի մակարդակը վերջին 12 ամիսների ընթացքում արդեն իսկ հանգեցրել է կարմրուկի և պոլիոմիելիտի բռնկումների, ինչը շեշտադրում է պատվաստումների կենսական դերը երեխաների, դեռահասների, մեծահասակների և հասարակությունների առողջության պահպանման գործում:

Կարմրուկի առաջին չափաբաժնի ծածկույթը 2021 թվականին նվազել է մինչև 81 տոկոս, ինչը նաև 2008 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Սա նշանակում է, որ 2021 թվականին 24,7 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին դեղաչափը, այն է՝ 5,3 միլիոնով ավելի, քան 2019 թվականին: Եվս 14,7 միլիոնը չի ստացել անհրաժեշտ երկրորդ դեղաչափը: Նմանապես, 2019 թվականի համեմատ, 6,7 միլիոնով ավելի երեխա բաց է թողել պոլիոմիելիտի երրորդ պատվաստումը:

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում են Գավիի` պատվաստանյութերի դաշինքի և այլ գործընկերների հետ՝ կյանքի կոչելու Իմունականխարգելման համաշխարհային օրակարգը 2030-ը (IA2030): Սա ռազմավարություն է բոլոր երկրների և համապատասխան համաշխարհային գործընկերների համար, որը նպատակ ունի իմունականխարգելման միջոցով կանխելու հիվանդությունները և պատվաստանյութերը հասանելի դարձնելու բոլորին, յուրաքանչյուր տարիքում ամենուր:

IA2030 շրջանակի գործընկերները կառավարություններին և համապատասխան դերակատարներին կոչ են անում.
Ապահովել քաղաքական հանձնառությունը և ավելացնել պետական բյուջերից հատկացումը՝ ազգային առողջապահական ծրագրերում իմունականխարգելման ամրապնդման և պահպանման համար:

Ավելին անել՝ լրացնելու պլանային պատվաստումների բացը և ընդլայնել աջակցության ծառայությունները այլ բնակավայրերում՝ հասնելու անտեսված երեխաներին և ծրագրեր իրականացնել՝ կանխելու հիվանդությունների հնարավոր բռնկումները:

Իրականացնել ապացուցահեն և մարդակենտրոն ռազմավարություններ՝ պատվաստանյութերի և իմունականխարգելման նկատմամբ վստահություն ստեղծելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և պատվաստանյութերի ընդունումը հատկապես խոցելի համայնքների շրջանում մեծացնելու համար:

Առաջնահերթություն տալ առողջապահական տեղեկատվության և հիվանդությունների վերահսկման համակարգերի ամրապնդմանը` ապահովելու համար անհրաժեշտ տվյալների առկայությունն ու մշտադիտարկումը, որպեսզի ծրագրերն ունենան առավելագույն ազդեցություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ