Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի օրակարգում ընդգրկված է ՀԱԵ մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամին առնչվող հարցը, որը քննարկվելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասաց, որ ԱԺ օրակարգում ներառված է մի հարց, որը վերաբերում է եկեղեցու ներքին հարցերին, և այս համատեքստում ընդդիմադիր խմբակցությունը քննիչ հանձնաժողովի ձևավորումը համարում է հակասահմանադրական:
«Իրավական հիմնավորում բերեք, թե ինչու պետք է ԱԺ-ում նման քննիչ հանձնաժողով ձևավորվի՝ հաշվի առնելով, որ կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածն ասում է, որ ՀՀ եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին:
Առհասարակ, քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել ԱԺ իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակներից դուրս, այսինքն՝ ԱԺ իրավասության ո՞ր շրջանակներում է տեղավորվում եկեղեցու ներքին հարցերը քննարկելը»,- ասաց Աննա Գրիգորյանը:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց՝ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված է, օրակարգում այդ հարցը չէ, և եթե «Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ, որ քննիչ հանձնաժողովի առարկան վերաբերում է ԱԺ իրավասության ոլորտներին, կարող են վիճարկել:
«Գոյություն ունի ՀՀ-ի և ՀԱԵ-ի հարաբերությունների մասին օրենք՝ ընդունված այս ինստիտուտի՝ ԱԺ-ի կողմից, և քննիչ հանձնաժողովի առաջարկով հանդես եկած պատգամավորներն առաջարկել են ստեղծել քննիչ հանձնաժողով, որի վերնագրում նույնիսկ արտահայտված է դա, որ ասում են՝ եկեք հասկանանք՝ ՀԱԵ-ում կա՞ ճգնաժամ, որի արդյունքում ՀԱԵ-ն չի կատարում իր բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Կարող է պատահել, որ այդ հոգևորականներն այնպիսի ճգնաժամ են ստեղծել, որ այս առաքելությունը անհնար է կատարել, կամ ասում են՝ եկեք հասկանանք, եթե ՀՀ-ն ճանաչում է ՀԱԵ-ի ինքնավարությունը, այդ ինքնավարությունը ՀԱԵ-ն իրագործում է պատշաճ կերպով, թե՞ ոչ»,- ասաց նա:
Աննա Գրիգորյանը պնդեց՝ ՀԱԵ-ի ներքին գործերին խառնվելը ԱԺ իրավասությունների մեջ չի մտնում, հետևաբար քննիչ հանձնաժողովը հակասահմանադրական է:
Ռուբեն Ռուբինյանն իր անհամաձայնությունը հայտնեց Աննա Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ՝ պարզաբանելով, որ այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, օրենսդրական տեսանկյունից ԱԺ բացառիկ իրավասության շրջանակում է, և ԱԺ-ն ունի բոլոր իրավունքները՝ քննելու՝ X, Y, Z իրադարձության կամ հաստատության համատեքստում կա՞ օրենսդրական նախաձեռնության կամ փոփոխության կարիք, թե՞ չկա:
