Քննարկվել է Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքը

Աստղիկ Խաչատրյան 19.07.2023 - 19:45
19.07.2023 - 19:45 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:
ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, սահմանվել է մեկուկես տարվա աշխատանքային ծրագիրը, որն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն: Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման և ակտիվ կիրառության, ազդեցության գնահատման և հանրային հատվածում թվայնացման կարողությունների ձևավորման վերաբերյալ վերլուծության, կիբեռանվտանգության ազգային կարողությունների ձևավորման ուղղությամբ, գործարկվել են մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, հաստատվել է Հայաստանի թվային ճարտարապետությունը:
Ներկայացված զեկույցի հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները ծառայությունների մատուցման քաղաքականության, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների հետ կապված հարցերի շուրջ:
Վարչապետն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության և թվային տնտեսության վերափոխելու համար զարգացած և անվտանգ միջավայր ու ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն կնպաստի քաղաքացիների ներուժի և բարեկեցության բարձրացմանը, կսատարի ձեռնարկություններին մրցունակության բարելավման գործում և կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ