Քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել, առանձին հատվածներում կան մարդկանց կուտակումներ և լարումներ

Աննա Կոստանյան 21.09.2023 - 17:22
21.09.2023 - 17:22 դիտում

Երևանի մի քանի հատվածներում միաժամանակ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն առանձին հատվածներում փակել են փողոցները։ Ցուցարարներ կան Հանրապետության հրապարակում, ԱԺ-ի շենքի մոտ, Եռաբլուրում, առանձին փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իրավիճակը թեժացել էր Մաշտոցի պողոտա- Ամիրյան փողոց խաչմերուկին, որն արգելափակել էին աղբամաններով և նստարաններով, լարումներ են եղել Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտա- Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկին։ Իրավիճակը թեժ է եղել նաև պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում, նաև՝ Թումանյան փողոցի հետ հատման մասում։

Ակտիվիստները խոչընդոտում են մեքենաների շարժը, չեն ենթարկվում երթևեկությունը բացելու իրավապահների պահանջներին, վիճաբանություններ են ծավալվում վարորդների և ցուցարարների միջև։

Ցուցարարների ու ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել նաև Մելիք Ադամյան փողոցում։ Իրավապահները ցանկանում էին բերման ենթարկել ակտիվիստին, մարդիկ, սակայն, ոստիկաններին հրմշտելով, ցուցարարին խլել են։

Ակտիվիստները, դիմելով քաղաքացիներին, շեշտում են, որ սա կուսակցական պայքար չէ, բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները։ Ցուցարարներին գլխավորապես մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Նրանց պնդմամբ՝ համաժողովրդական ճգնաժամի պայմաններում հասարակության բոլոր շերտերը պետք է ներգրավված լինեն պայքարում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ