Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

9.11.2023 - 22:39 դիտում

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ:

Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ