ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի՝ Հայաստան ժամանելուն, նշել է, որ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:
Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«Ֆրանսիան` Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող 1-ին ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է Փաշինյանը:
Նոյեմբերի 22 ին Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված ինքնաթիռը
բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները
ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:
Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։