Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր օրակարգը հարստաց­նելու պատրաստակամություն. Փաշինյանը՝ Օրսիին

Աննա Կոստանյան 29.11.2024 - 12:13
29.11.2024 - 12:13 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները և գոհունակությամբ արձանագրում եմ, որ վերջին տարիներին դրանք զարգացման նոր փուլ են թևակոխել:

Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի մեր պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում:

Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր երկկողմ օրակարգը հարստաց­նելու իմ պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Օգտվելով այս պատեհ առիթից՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ