Տրանսպորտի ուղեվարձը չվճարող կամ կրիչը չվավերացնող ուղևորը կտուգանվի 15 հազար դրամով

1.07.2025 - 13:07 դիտում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է կատարել լրացում, որով տրանսպորտային վճարի չվճարման կամ այդ կրիչը չվավերացնելու համար առաջանում է տուգանք 15 հազար դրամի չափով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15-ապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամ, և 3-ապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն, արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել»,- ասաց նա:

Արմեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ եթե տեխնիկական խնդիր է առաջացել, և տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել քաղաքացու ձեռք բերած կրիչը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվելու:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ