Տոյվո Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

Աննա Կոստանյան 8.02.2023 - 14:51
8.02.2023 - 14:51 դիտում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամրջի դեր ստանձնելու Վրաստանի ցանկությունը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն ու նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է նաև Վրաստանի դերն այդ հարցում: Տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ, օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։

Եվրոպացի պաշտոնյան հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը, և կարող է նորից դառնալ նման վայր թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ