ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդարդարձավ ընդդիմադիր գործընկերների հնչեցրած հարցերին, թե երբ է ծագել ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտությունը:
Խուդաթյանի խոսքով՝ դա, վստահաբար, չի ծագել քաղաքական հայտարարությունից (գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի – խմբ.) հետո, այլ՝ դրանից առաջ, հայտնեց՝ ՀՀ վարչապետի կողմից գրավոր հանձնարարական է տրվել ՏԿԵ նախարարությանը և իրեն, և տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է որակական փոփոխություն ապահովելու համար միջամտել ՀԷՑ-ում կառավարման այդ համակարգին:
Ըստ նրա՝ հասկանալի է եղել, որ որակական ցուցանիշները՝ մանավանդ անջատումների թվով, խախտված են, և քննարկումները հանգեցրել են նրան, որ ՀԷՑ-ը տարեվերջին առնվազն 12,5 միլիարդ դրամի ակտավորվելու է, դրան գումարած՝ ՀՀ վարչապետը մեկամսյա ժամկետ է տվել՝ քայլեր ձեռնարկելու համար:
«Այդ երկուսից ընդամենը 3 օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում»,- պարզաբանեց նախարարը՝ ընդգծելով՝ ինքը կցանկանար, որ մենք դասավորությունը տեսնեինք հենց այս տրամաբանության մեջ:
Ինչ վերաբերում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի (ԲԷՑ) աշխատանքին, ասաց՝ Իրան-Հայաստան գծի շինաշխատանքները մեկնարկել են շատ ավելի վաղ, այդ գծի աշխատանքների ուշացման պատճառը ոչ միայն կառավարման հետ կապված խնդիրներն են, այլև շինարարական ընկերության հետ կապված խնդիրները, կա նաև գողության հետ կապված խնդիր:
«Այդ ենթակայանից տրանսֆորմատորներ են գողացվել, քրգործ կա հարուցված, պետությունը ֆինանսավորել է նորերի բերումը Իրանից: Պիտի ուրախությամբ ասեմ՝ մի քանի օր առաջ ԲԷՑ-ի մեր գործընկերներն այնտեղ են եղել, գործարանում արդեն փորձարկում են իրականացրել, և առաջիկայում այդ ապրանքը կուղևորվի Հայաստան»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ թեկուզ դժվարությամբ, բայց ծրագիրն այս պահին լայն թափով ընթանում է:
Նախարարը տեղեկացրեց՝ ԲԷՑ-ը վերջին 2-3 տարիների ընթացքում հսկայածավալ կապիտալ աշխատանքներ է կատարել, այդ թվում կառուցվել է մի քանի ենթակայան:
Հայտնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հիշեցրել է իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: