Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

8.07.2025 - 22:58 դիտում
Սեփական եկամուտների հավաքագրում, քաղաքաշինական, սուբվենցիոն ծրագրերի ընթացք ու վերահսկողություն, գյուղատնտեսական, ՏԻՄ լիազորությունների շրջանակում արված աշխատանքներ, վարժական հավաքների կազմակերպմանն առնչվող հարցեր․ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարմանը։ Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի, հուլիսի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով։ Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը՝ 126.5 տոկոս։ ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025-ի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ «Դոտացիան» ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզի համայնքներին բյուջեից 2025-ին «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով ՀՀ կառավարության 5 որոշումներով 13 ծրագրերի համար հատկացվել է 532 մլն 633 հազար դրամ։
💬«Համայնքների բնակիչների հետ անընդհատ աշխատանք է պետք տանել, որպեսզի գիտակցեն մի պարզ ճշմարտություն, որ համայնքներում տարված ցանկացած աշխատանք իրենց վճարած հարկերի շնորհիվ է լինելու։ Մենք հրաշագործներ չենք, այդ ամենն արվում է հարկերի հավաքագրման շնորհիվ։ Պետք է բնակիչներին ցույց տալ, որ այն գումարները, որ վճարում են, հետ է վերադառնում նորից իրենց և այդ պարագայում առավել հաճույքով կվճարեն։ Դպրոցների, մանկապարտեզների կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ճանապարհաշինություն՝ այն ծավալի աշխատանքները, որ այսօր մեր մարզում իրականացվում են՝ աննախադեպ է և վերջին տարիներին կրկնապատկվել է, մնում է մեր համայքնները ջանք չխնայեն այս առումով պարտականությունները պատշաճ կատարելու համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են 2025-ին մարզում իրականացվելիք կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։ Քաղաքաշինության, հողաշինության և եթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը զեկույցում նշել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Հայրենյացի, Գետափի կրթահամալիրների, Սարատակի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցների հիմքից կառուցման աշխատանքները։ Հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են 9 դպրոցների վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2 մլրդ 18 մլն 634 հազար դրամ արժեքով։ 2025-ին կվերանորոգվեն ևս 18՝ Ազատանի, Աշոցքի, Արևշատի, Կառնուտի, Հառիճի, Հայկավանի, Լեռնակերտի, Նոր Կյանքի, Վահրամաբերդի Հ․ Մկրտչյանի անվան, Մուսայելյանի, Գյումրու թիվ 5, 7, 9, 19, 21, 30, 31 և 45 դպրոցները։ Մեկնարկել են Մարալիկ բնակավայրի 150 տեղ և Քարաբերդ բնակավայրի 50 տեղ հզորությամբ մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները։
«Ծավալներով աննախադեպ շինարարական այս տարին մեզ համար կարևոր է վերահսկողության առումով, պետական հսկայական միջոցներ են ուղղվում մարզ՝ պետք է դրանց նպատակային օգտագործման համար բոլորիս ջանքերը միավորենք։ Շիրակի մարզպետի աշխատակազմը հետևողական է լինելու և պարտավորված է շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու։ Նորից շեշտեմ, որ Շիրակի մարզում արված ցանկացած շինարարություն մեր անմիջական վերահսկողության տակ է իրականացվելու անկախ նրանից, թե ում պատվիրատվությամբ է իրականացվելու։ Մեզ համար կարևորը որակով և ժամկետներում արված աշխատանքն է։ Եվս մեկ անգամ բոլոր շինարաներին խնդրում, հորդորում և պահանջում եմ լինել հետևողական։ Խոսելով տեխնիկական հսկողություն իրականացնողների մասին, ուզում եմ ասել, որ իրենց աշխատանքներում առկա են բացթողումներ, եթե իրենք աշխատանքները լիարժեք իրականացնեն այսօր՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շինհրապարակներում չեն լինի, որպեսզի վերահսկեն աշխատանքները։ Քաղաքաշինական տեսչական մարմնին էլ կոչ եմ անում աշխատանքների ծավալներն ավելացել, քանի որ մարզում իրականացվող շինաշխատանքների ծավալները ևս կրկնապատկվել են։ Այն աշխատանքները, որոնք թերացումներով են լինելու, ավարտական ակտ չեն ստանալու, թե համայնքը, թե Կառավարությունը գումարները չեն տրամադրելու»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
2025-ին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին օրակարգային հաջորդ հարցով հանդես է եկել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ 2025-ին ներկայացվել է 38 ծրագիր՝ 132 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ, Կառավարության համամասնությունը 56,6 տոկոս է։
«Սուբվենցիոն ծրագրերը պետության և համայնքի համատեղ ներդրումով իրականացվող են, այս աշխատանքներում ևս խիստ հետևողականություն եմ պահանջում բոլոր պատասխանատուներից, հետագա խնդիրներից խուսափելու համար պետք է այսօր լինել զգոն ու հոգացավ։ Որակի ու ժամկետների հարցում հանդուրժողականություն չի լինելու»,- հավաստել է Շիրակի մարզպետը։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանն էլ անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցերին և իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի հրամանով հաստատված 2025-ի աշխատանքային ծրագրին համապատասխան տարվա ընթացքում մարզի 3 համայնքներում նախատեսված է ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն (Ամասիա՝ 2-րդ եռամսյակ, Արթիկ՝ 3-րդ եռամսյակ, Գյումրի՝ 4-րդ եռամսյակ): Ուսումնասիրվելու են համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման օրինականությունն ու արդյունավետությունը, համայնքի ղեկավարի լիազորություններն՝ օրենսդրությամբ վերապահված բոլոր բնագավառներում:
Կարևորելով համայնքապետարանների հետ համագործակցված աշխատանքն ու բոլոր համայնքների կողմից լիազորությունների պատշաճ կլատարումը՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Ցավոք մեր համայնքի ղեկավարներից մեկն այստեղ չէ, հուսամ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները հրապարակումներից կլսեն մեր հորդորները թե շնարարական աշխատանքների հետ կապված, թե վերահկսողության և ընդհանրապես, մեր համայնքապետարաններից ոչ մի բանով չի տարբերվում Գյումրու համայնքապետարանը և այդ նույն հորդորներն ու պահանջներն ունենք իրենցից։ Քաղաքացիների խնդիրներն, ինչպես նաև շինաշխատանքների որակին հետևելը մեզ համար առաջնային են, առաջնային է համայնքների հոգսերի օր առաջ թեթևացումը, կյանքի որակի փոփոխությունը՝ այս դիտանկյունով աշխատանք պահանջվելու է նաև բոլոր համայնքներից»։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է գյուղատնտեսական աշխատանքներին և ոռոգման կազմակերպման ընթացքին։ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի զեկույցի համաձայն, 2025-ին մշակվել է 11 հազար 144 հա աշնանացան հացահատիկ, գարնանացանը կազմել է 22 հազար 837 հա։ «Բուսաբուծության աջակցության» ծրագրից օգտվելու համար համայնքապետարան են դիմել 1983 շահառուներ։ Համայնքների կողմից ներկայումս ընթանում է համատարած մոնիթորինգի իրականացման աշխատանքներ։ Մարզպետի աշխատակազմի աշխատանքային խմբի կողմից Արթիկ և Անի համայնքներում ավարտվել են ընտրանքային մոնիթորինգի աշխատանքները, դիտարկվել են 202 շահառուների ցանքատարածություններ։ Ընտրանքային մոնիթորինգի աշխատանքեր առաջիկայում կիրականացվեն նաև Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում։ Ոռոգման սեզոնի ընթացքում ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտ ամսից Շիրակի մայր ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Այս պահին մարզի ջրամբարներում առկա է բավականաչափ ջուր ոռոգման աշխատանքներն անխափան շարունակելու համար։
Մարզխորհրդի նիստի օրակարգային վերջին հարցն առնչվել է վարժական հավաքների կազմակերպմանն, ինչպես նաև 2025-ի ամառային զորակոչի ընթացքին։ Ըստ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանի զեկույցի, 2025 թվականին մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում անցկացված վարժական հավաքների շրջանակում հայտարարված զորակոչերին՝ մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։ 2025 թվականի ամառային զորակոչն ընթացքի մեջ է և ավարտվելու է հուլիսի 30-ին:

🔰Սեփական եկամուտների հավաքագրում, քաղաքաշինական, սուբվենցիոն ծրագրերի ընթացք ու վերահսկողություն, գյուղատնտեսական, ՏԻՄ…

Опубликовано ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ Вторник, 8 июля 2025 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ